Միրոշամբոյի ամփոփում
Մի քանի օր առաջ վերջապես հանգուցալուծվեց Միրոշամբո մրցույթը ։
Այս փուլում, երբ Fumpetition.org֊ը նոր֊նոր սկսում է շնչել, և դեռ վաղ է այն լիարժեք գովազդել, հետաքրքրությունը այդ (առաջին) մրցույթի հանդեպ բավականին ցածր էր․ մի փոքր հետաքրքրություն կար ինձ անձամբ ճանաչողների շրջանում, սակայն այդ լուրը ինքնաբերաբար չտարածվեց։ Արդյունքում այդ առաջադրանքի իրականացման տեսականորեն հնարավոր, թեև գործնականում անիրատեսական կամ չափազանց բարդ մոտեցումների առաջարկներով հանդես գալու կոչս մնաց անարձագանք։ Երևակայությանը ազատություն տալու որքա՜ն հնարավորություն է կորսվել։ Ես դա այդպես չեմ թողնի։ Ահա իմ տարբերակները՝
1. Օգտվեք ժամանակային ուշացումից
Ձեռքից անդրադարձած լույսը աչքին է հասնում ուշացումով, իսկ հայելու առկայությունը այդ ուշացումը միայն մեծացնում է։ Պահանջվող էֆեկտը ստանալու համար ընդամենը անհրաժեշտ է ձեռքի շարժումը համաձայնեցնել արտացոլանքի՝ նախորդ ցիկլին համապատասխանող շարժման հետ։
Հաշվի առեք, որ, որպեսզի վերջնական պատկերն իրավունք ունենա արտացոլանք կոչվել, արհեստական ժամանակային ուշացում ներմուծող համակարգը պետք է բաղկացած լինի միմիայն օպտիկական տարրերից, այսինքն անընդունելի է օպտիկական պատկերի վերածումը էլեկտրոնային, քիմիական կամ որևէ այլ տեսքի և հակառակը։
Այս խմբին են պատկանում հետևյալ երեք մոտեցումները․
1.1 Հայելուսին
Փոխակերպեք Լուսինը իդեալական գոգավոր սֆերիկ հայելու, որի կորության շառավիղը մի փոքր փոքր է1 Երկրի շուրջը Լուսնի ուղեծրի շառավղից։ Նորալուսնի օրը դուրս եկեք ցածր երկրամերձ ուղեծիր և ճշգրտությամբ հեծնեք Հայելուսնի կորության կենտրոնի հետագիծը։ Բաց տիեզերքում, դեմքով դեպի Լուսինը, առկախվեք այդ կետից պարզած ձեռքի հեռավորության վրա այնպես, որ կարողանայիք այն շոյել, եթե այն նյութական լիներ։ Ճիշտ Ձեր առջև (նշված աննյութական կետի հակառակ կողմում) կտեսնեք Ձեր գլխիվայր շրջված արտացոլանքը2։ Փորձեք սեղմել նրա ձեռքը․ Ձեզ երկուսիդ չի բաժանում և ո՛չ մի պատնեշ (2.5 վայրկյան ժամանակային ուշացումը չհաշված)։ Ապա չինգաչունգ խաղացեք թուղթ֊մկրատ֊քար֊թուղթ֊մկրատ֊և֊այդպես֊շարունակ հերթականությամբ (ու ճիշտ արագությամբ) և համոզվեք, որ արտացոլանքը միշտ պարտվում է։
Այս լուծման հիմնական բարդությունը սկաֆանդրի ձեռնոցով չինգաչունգի նշանները (հատկապես, մկրատը) ցույց տալն է․ այն Ձեզանից կպահանջի բավականաչափ ֆիզիկական ուժ։ Մեկ այլ դժվարություն կապված է գոգավոր հայելու իդեալական սֆերիկ ձևի պահապանման անհրաժեշտության հետ․ ինքնագրավիտացիայի, մակընթացային ուժերի, ջերմաստիճանային գրադիենտի, լույսի ճնշման, արևային քամու, ասուպների և խափանվող լուսնային կայանների առկայության պայմաններում դա այդքան էլ հեշտ խնդիր չէ։
1.2 Դանդաղ լույս
Օգտագործեք լույսը դանդաղեցնելու մեթոդները։ Բայց պատրաստ եղեք առերեսվել արտացոլանքի գույնի, ձևի և պայծառության հետ կապված խնդիրների (իհարկե, եթե Ձեզ ընդհանրապես հաջողվի տեսանելի արտացոլանք ստանալ, հի֊հի֊հի)։
1.3 Արագաշարժ եղեք
Հատուկ արտացոլանքաստեղծ համակարգի օգնությամբ ժամանակային ուշացումը մեծացնելու փորձերի փոխարեն ավելի արդյունավետ մոտեցում կարող է լինել շեշտը դնել սեփական արագաշարժության վրա։ Ի վերջո՝ ժամանակը փող է։ Եթե Դուք այս մրցույթին մասնակցում եք սոսկ դրամական մրցանակի պատճառով, ապա որքան արագ դուք խաղաք, այնքան ավելի բարձր կլինի ձեր արդյունարար ժամավճարը։ Հայելուց հեռավորության մեկ մետրի կարգի արժեքի դեպքում Ձեր ձեռքը պետք է շարժվի ընդամենը 1 ԳՀց հաճախությամբ (եթե դա Ձեր հնարավորությունների եզրին է, հեռացեք հայելուց)։ Երեք խաղի3 ու մրցանակի հայտարարված մեկնարկային տասը հազար ՀՀ դրամ չափի պարագայում Դուք 3 պետադրամ/ժամ ժամավճարով պարծենալու իրավունք կվաստակեք․ “Իլոն Մասկը մեկ օրում հարստացել է 36 միլիարդ դոլարով”֊ի պես նորությունները խամրում են Fumpetition.org֊ի կողմից Ձեզ ընձեռած կարողության այդպիսի աստղաբաշխական աճի տեմպի հնարավորության համեմատ։
2. Ժամփորդություն
Ժամանակի մեքենա ստեղծեք, անցյալ ժամփորդեք և չինգաչունգ խաղացեք հայելու առջև չինգաչունգ խաղացող Ձեր կրկնօրինակի կողքին։ Եթե Ձեր հիշողությունը Ձեզ չդավաճանի, ապա Դուք կհաղթեք ոչ միայն Ձեր անցյալին պատկանող արտացոլանքին, այլև Ձեր անցյալ մարմնավորմանը։ Կամ ընդհակառակը, եթե, հայելու առաջ այդ բոլոր ժամանակների չինգաչունգամարտին պատրաստվելիս, Ձեր կողքին նկատեք ապագայից եկած ինքներդ Ձեզ, կարող եք փորձել պարտության մատնել նրա արտացոլանքին (սակայն հաշվի առեք, որ այս հարցում նա մրցակցային առավելություն ունի, թեև, միգուցե, Դուք կարող եք ապագայից եկած Ձեր անձի գործողությունները կանխատեսել, ինչի համար ընդամենը հարկավոր է դրանք հստակ պլանավորել և հետագայում այդ պլանից չշեղվել)։
Այս մոտեցման միակ վիճելի կետն այն է, թե արդյոք Ձեր՝ ժամանակագրորեն մեկ այլ կրկնօրինակի արտացոլանքը կարելի է որակել որպես Ձեր արտացոլանք։ Այդ հարցի պատասխանի շուրջ թող բանավիճեն իրավաբաններն ու փիլիսոփաները, իսկ ես ավելի նպատակահարմար եմ գտնում զբաղվել ժամանակի մեքենայի հայտնագործմամբ՝ նրանց եզրահանգումից անկախ։
3. Արտացոլանքի աղավաղում
Օգտագործեք բարդ տեսքի կոր հայելի և տարածության ու ժամանակի մեջ լավ մտածված լուսավորություն։
Դուք և հանդիսատեսը տեսնում եք Ձեր ձեռքի մի կողմը, իսկ հալելում երևում է Ձեր ձեռքի արտացոլանքի մյուս կողմը։ Հետևաբար, ձեռքը պահելով կոր հայելու ճիշտ կետի առջև ու լուսավորության ճիշտ կետում՝ կարելի է հասնել նրան, որպեսզի տեսանելի արտացոլանքը ցանկալի ձևն ունենա (նույնիսկ եթե դա ստացվում է միայն դիտանկյունների նեղ տիրույթում)։ Այս մոտեցման ավելի առաջադեմ տարբերակը ադապտիվ օպտիկայի հիմքում ընկած տեխնոլոգիայի կիրառումն է․ հայելու կորությունն ու լուսավորությունը կառավարվում են խաղը տեսախցիկով «դիտող» համակարգչի կողցմից, որի կաշառված ծրագիրը իրական ժամանակում գործում է ընդդեմ արտացոլանքի։
Ամփոփում
Բնականաբար, հաղթող լուծումը բոլորովին այլ տեսակի է։ Ինչպես և ակնկալում էի, այն հիմնված է այն փաստի վրա, որ մարդիկ (ի միջի այլոց, չինգաչունգ խաղացող՝ գիտությանը հայտնի միակ արարածները) երկու ձեռքով են օժտված։ Սակայն, իրագործման տեսակետից ներկայացված լուծումը էապես զիջում է իմ նկատի ունեցած «կատարյալ» տարբերակին։ Մրցույթի հայտարարությունը տեղադրելիս՝ ես աչքաթող էի արել այսպիսի պարզ լուծման հնարավորությունը և պահանջները բավականաչափ խիստ չէի ձևակերպել։ Հիմա ես ինձ զգում եմ, հավանաբար, Էլիոթ Ռիչարդսի4 պես նրա առաջին ցանկության ձախողվելուց հետո5: Եվ այդ մտքից սահուն կերպով անցում ենք կատարում հաջորդ մրցույթին։
Ծանոթագրություններ
1 Վա՜յ, զավեշտալի բառախաղիկ ստացվեց
2 Նկարագրվող կոնֆիգուրացիայում, որպեսզի Ձեր արտացոլանքը ամբողջությամբ տեղավորվի Հայելուսնի մեջ, վերջինիս գծային չափը պետք է մի քանի տասնյակ անգամ գերազանցի Լուսնի ներկայիս սկավառակի չափը։ Ավելի մատչելի լուծումը, որի դեպքում հայելու տրամագիծը կարելի է վեցապատիկ պակասեցնել, կայանում է հայելու կորության կենտրոնը Երկիր֊Լուսին համակարգի L1 Լագրանժի կետ տեղափոխելու մեջ։ Համապատասխան գործակցով նվազած ժամանակային ուշացումը մասամբ կարելի է վերականգնել բազմակի անդրադարձումների շնորհիվ։ Պարզագույն տարբերակում պահանջվում է մեկ հարթ հայելի․ այն պետք է գտնվի Ձեր ոտքերի տակ, Հայելուսնի կորության կենտրոնի հակառակ կողմում (և՛ Դուք, և՛ այդ հարթ հայելին պետք է “դեմքով” նայեք դեպի Հայելուսինը; մեկ նկարը հազար բառ արժե)։
3 Եթե առաջին երեքը հաղթեք, մնացած երկուսը իմաստազրկվում են։
4 Ցանկություններից կուրացածը Հոլիվուդյան ֆիլմի՝ Բրենդեն Ֆրեյզերի կողմից մարմնավորած հերոսը։
5 Այդ նախադասությունը, կարծես, նշանակում է, որ Սուսաննան (այս մրցույթի հաղթողը) ստանձնել է Սատանայի դերակատարումը։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա այդպես չէ, ու կաշխատեմ նրանից լուծման ավելի հղկված տարբերակ ստանալու ուղղությամբ։ Ամեն դեպքում, իմ պատկերացրած լուծումը ես ավելի ուշ կհրապարակեմ։ Իսկ մինչ այդ ողջունելի են այլոց սեփական (հենց այնպես, հավեսի համար արված) տարբերակները։