Միահարված փուլ
Վերարտադրեք Շլացուցիչ Սատանայի փուլային տաղանդը
… Ցանկություններից կուրացածը ֆիլմից՝ այդպիսով սխալ հանելով պրոֆեսիոնալ փուլիստ Թոնի Ռոբլեսին։
Մրցանակ
Ընդհուպ ութ ցանկության իրագործում։ Մրցանակը սկսվում է մեկ ցանկությունից, որին ամեն վաթսունվեց օրը մեկ գումարվում է ևս մեկ ցանկություն մինչ յոթ ցանկության լրանալը։ Մեկ հավելյալ ցանկություն նախատեսված է որպես պարգևավճար լրացուցիչ պահանջին բավարարող լուծման համար։
Ցանկապետ
Ռեբելեոն ՍՊԸ
Պայմաններ
Առաջադրանք
-
Հավակնորդը պետք է մեկ հարվածով անցքերի մեջ գլորի փուլի սեղանին գտնվող տասնվեց գնդերից տասնչորսը, ընդ որում դա պետք է կրի օրինաչափ, այլ ո՛չ թե պատահական բնույթ․ մրցանակի՝ N ցանկության հասած լինելու պարագայում հավակնորդը նշված արդյունքը պետք է կարողանա ցույց տա N հաջորդական փորձից N֊ում։
-
Լուծման մեջ օգտագործվող սեղանը, գնդերը և ձողը պետք է լինեն այնպիսին, որ դրանցով հնարավոր լինի սովորական փուլ խաղալ։ Փորձառու փուլ խաղացողը միգուցե փնթփնթա գույքի ցածրորակ լինելուց, բայց չպետք է մատնանշի բացահայտ շեղում ստանդարտ գույքից։
-
Գնդերի սկզբնական դասավորությունը պետք է բավարարի հետևյալ պահանջներին․
-
Առավելագույնը 4 գունդ կարող է գտնվել մեկ այլ գնդից գնդի տրամագիծը (D) չգերազանցող հեռավորության վրա։
-
Անցքերի մոտակայքում (D֊ն չգերազանցող հեռավորության վրա) պետք է լինի ոչ ավել, քան 2 գունդ։
-
Եզրին մոտ (D֊ն չգերազանցող հեռավորության վրա) պետք է լինի ոչ ավել, քան 4 գունդ։
-
Նույն գծի վրա պետք է գտնվի ոչ ավել, քան 3 գունդ, այն է՝ գնդերի յուրաքանչյուր զույգի համար նրանց կենտրոններով տարված երևակայական ուղիղը կարող է անցնել առավելագույնը մեկ այլ գնդի միջով։
Այս սահմանափակումները միտված են բացառելու սրանց պես “հեշտ” լուծումները։
-
-
Տեղադրված գնդերը հարվածից առաջ պետք է անշարժ լինեն։ Սեղանը պետք է միշտ անշարժ լինի (այսպիսով բացառվում է գնդերի՝ անցքերում հայտնվելը, օրինակ, հարվածի հետ համընկնող երկրաշարժի արդյունքում)։ Հարվածից հետո գնդերի՝ անզեն աչքով դիտարկելի վարքը պետք է տեղավորվի միջին փուլ խաղացողի փորձի հիման վրա ձևավորված ինտուիտիվ օրինաչափությունների մեջ։ Պարզագույն օրինակ՝ գունդը չի կարող սկսել գլորվել, քանի դեռ նրան չի բախվել մեկ այլ գունդ։ Բացահայտ կորագիծ հետագիծը թուլյատրված է առավելագույնը մեկ գնդի համար։
-
Հարվածի նախապատրաստության տևողությունը (ներառյալ գնդերը դասավորելը) պետք է չգերազանցի 666 վայրկյանը։ Հարվածից հետո գնդերի շարժը պետք ավարտվի առավելագույնը 1/666 ժամվա ընթացքում։
Մրցանակի հայտ ներկայացնելը
- Լուծումը ցուցադրող չմոնտաժված տեսանյութի հղումը պետք է հրապարակել մրցույթի քննարկման էջում, որից հետո նույն լուծումը պետք է կրկնել Fumpetition.org֊ի ներկայացուցչի ներկայությամբ Երևանում։
Պարգևացանկություն
-
Մրցանակին գումարվում է հավելյալ ցանկություն, եթե լուծումն աշխատում է վերը շարադրված պահանջներին բավարարող, սակայն Fumpetition.org֊ի ներկայացուցչի կողմից առաջարկվող կամայական դասավորության համար։
-
Պարգևավճարին հավակնող մասնակցին տրվում է N փորձի հնարավորություն, որտեղ N֊ը ընթացիկ մրցանակում ներառված ցանկությունների քանակն է։ Պարգևացանկությունը տրամադրվում է այդ փորձերից առնվազն կեսի հաջողությամբ պսակվելու դեպքում։ Եթե բոլոր փորձերը տապալվում են, ապա մասնակիցը չի վաստակում պարգևացանկությունը, ինչպես նաև զրկվում է մրցանակային ցանկություններից մեկից (որպես տուգանք՝ պարգևացանկության չհիմնավորված հայտ ներկայացնելու համար)։
-
Գնդերի դասավորված լինելուց հետո հարվածը պետք է իրականացվի նախքան 666֊րդ վայրկյանի լրանալը։
Ցանկություններ
-
Ցանկությունների իրագործման հայտերը (ցանկահայտերը) պետք է ներկայացվեն հաջորդաբար մրցույթի քննարկման էջում հրապարակային գրառման միջոցով։
-
Ցանկությունները փոխանցելի չեն։
-
Յուրաքանչյուր ցանկահայտ պետք է ներկայացվի ոչ ուշ, քան նախորդ ցանկության իրագործումից (կամ, առաջին ցանկության դեպքում, դրա իրավունքը ստանալուց) 666,666 վայրկյան անց։ Հակառակ դեպքում ցանկությունը կորչում է։
-
Ցանկահայտի հրապարակումից հետո այն փոփոխման ենթակա չէ։ Սակայն ցանկապետը կարող է ներկայացնել ցանկահայտը ճշգրտելու առաջարկներ, որոնք ենթակա են ցանկատիրոջ կողմից հաստատման կամ մերժման։
-
Մրցույթի ցանկապետը ցանկահայտի վերջին հաստատված տարբերակը պետք է կատարի 666 ժամվա ընթացքում՝ սկզբնական ցանկահայտի հրապարակման պահից հաշված։ Ցանկապետը հրապարակայնորեն կհայտարարի ցանկության իրագործման մասին, իսկ ցանկատերը կարող է այդ պնդումը հաստատել կամ բողոքարկել։ Ցանկությունը համարվում է կատարված, երբ ցանկատերը հավաստում է այդ փաստը, կամ ցանկահայտի իրագործման հայտարարման պահից հետո 6,666 րոպեն անցնելուն պես՝ բողոքարկման բացակայության պարագայում։
-
Կամայական ցանկահայտ կարող է մերժվել առանց որևէ պատճառաբանության, որի դեպքում ցանկապետը պարտավոր է 66,666֏ չափով փրկագին վճարել (ամեն այդպիսի ցանկահայտի դիմաց) մինչև ցանկահայտի իրագործման վերջնաժամկետի լրանալը։ Փրկագինը վճարվելու է ՀՀ դրամով բանկային փոխանցման միջոցով՝ նվազեցված կիրառելի հարկերի չափով։ Նմանապես, նույն չափի փրկագին պետք է վճարվի ժամանակին չկատարված ցանկությունների փոխարեն․ այս դեպքում փրկագինը պետք է վճարվի ոչ ուշ, քան ցանկահայտն իրագործելը ձախողելու փաստի արձանագրվելուց 666,666 վայրկյան անց։ Եթե փրկագինը ժամանակին վճարելն անհնարին է դառնում ցանկատիրոջ բանկային հաշվեհամարի տրամադրված չլինելու պատճառով, ցանկապետն այդ գումարը կփոխանցի իր հայեցողությամբ ընտրված բարեգործական կազմակերպությանը, և այդպիսով այդ ցանկության էջը կհամարվի փակված։
Մտավոր սեփականություն
- Մասնակիցները, հաղթողը ներառյալ, պահպանում են բոլոր իրավունքները մրցույթին մասնակցելիս ստեղծված՝ մտավոր սեփականության իրավունքով պաշտպանվող բոլոր արդյունքների (այդ թվում՝ գյուտերի, նորարարությունների, տեսանյութերի) նկատմամբ։
Հավելյալ հորդոր
-
Կոչ եմ անում մասնակիցներին իրենց իսկ սոցիալական էջերում կամ մրցույթի քննարկման էջում կիսվել սույն առաջադրանքի լուծման զանազան (այդ թվում՝ ամենախելահեղ) տեսականորեն հնարավոր տարբերակների գաղափարներով։
-
Ցանկալի է, որպեսզի մասնակիցները փաստագրեն (տեսանկարահանման և/կամ գրավոր ձևով) և առցանց հրապարակեն լուծման վրա իրենց աշխատանքի ընթացքը ևս։