Կայքի մասին
Fumpetition.org-ը հավեսի համար արվող նախագիծ է, որի նպատակներն, այնուամենայնիվ, միայն հավեսով չեն սահմանափակվում։
Իմ կարծիքով, երբեմն հավեսի համար արվող որոշ բաներ ավելի արգասաբեր հետևանքներ կարող են ունենալ, քան եթե ի սկզանե մի լուրջ նպատակ դրված լիներ։ Լուրջ նախագծի վրա աշխատանքը ինքնստինքյան հայտնվում է մի շարք սահմանափակումների օղակում։ Մինչդեռ զուտ հավեսի համար որևիցե բան անելիս ավելի անկաշկանդ ես մի քանի տեսանկյունից․
- բացակայում են վերջնաժամկետներն ու/կամ խաղադրույքները,
- անհաջողությունները ցավոտ չեն (այստեղ նկատի ունեմ ինչ֊որ նպատակին հասնելու իմաստով անհաջողությունները; բնականաբար, վտանգավոր գործողությունները կարող են հանգեցնել վատ հետևանքների, ինչը հեչ հավես չի),
- շահագրգռվածությունը լիովին անկեղծ է, որոշումները միմիայն ազնիվ են։
Անշուշտ, բացասական կողմեր էլ կան․
- «անլուրջ» զբաղմունքին հատկացվում են նվազ ռեսուրսներ (ժամանակ, փող, և այլն)
- հստակ նպատակ չունեցող, հավեսի հունով ընթացող գործունեությունը անհայտ ուղղությամբ կարող է ծավալվել; մյուս կողմից, հենց այդ պատճառով է, որ այն ունակ է աննկատ թափանցել դեպի նոր, չբացահայտված, հրաշալի հնարավորություններով լի տիրույթներ։
Fumpetition.org֊ը հավակնում է դառնալ հավես գաղափարների, զվարճալի մրցույթների ու անլուրջ նորարարությունների անսպառ աղբյուր։ Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ դրա հետևանքով ի հայտ կգան նաև որոշ օգտակար արդյունքներ, որոնք կծառայեն շատ ավելի լայն հանրությանը։
Ստորև անթարգմանելի բառախաղը ձևակերպում է ակնկալվող կատարյալ վերջնարդյունքը որպես Fumpetition.org֊ից բխած ֆունդամենտալ տեխնոլոգիական առաջընթաց․
An ideal outcome would be if Fumpetition.org triggers a fundamental technological breakthrough.
Ինչու՞ “ֆամփեթիշն”
Ֆամփեթիշնը անգլերեն fun (ուրախություն, զվարճանք, հավես) և competition (մրցույթ) բառերի խաչասերման պտուղն է։ Եթե վիճելու հավես ունեք, կարող եք առարկել, որ պետք է ստացվեր funpetition։ Ցավոք, այդ բառը մի փոքր այլ երանգ ունի և ավելի շատ կընկալվի որպես հումորային հանրագիր։ Այդ էֆեկտը կարելի է չեզոքացնել այն ուղղագրական կանոնի շնորհիվ, որ որոշ նախածանցներ (“con-”, “in-”) ձևափոխվում են՝ կախված նրանց հաջորդող տառից․
- l֊ից առաջ con-ը դառնում է col-՝ collaborate, collect, collide (և նմանապես in-ը՝ illicit, illegal, illuminate);
- m֊ից, b֊ից, կամ p֊ից առաջ con-ը դառնում է com-՝ communicate, combine, compose (և նմանապես in-ը՝ immortal, imbalance, import); նույն competition-ը հենց այս կանոնի կիրառման արդյունք է;
- con-ն ու in-ը վեր են ածվում cor-ի ու ir-ի, եթե նրանց հաջորդում է r֊ը՝ correlation, correspond, irresponsible, irregular
Ուստի, fun֊ը նախածանց դիտարկելով՝ petition֊ի հետ նրա բառակազմության արգասիքը ստացվում է fumpetition։